Ես երգում եմ այն, ինչ սիրում են մարդիկ, բայց ոչ այն, ինչ տենդենցային է. Գայանե Ավդալյան

Երիտասարդ երգչուհի Գայանե Ավդալյանը «Հայասա ֆոլկ բենդի» հետ միասին փորձում է մեր ակունքներից բխող երգերը նորովի մատուցել հանդիսատեսին: Գայանեի կարծիքով մարդիկ իրականում սիրում են հինն ու ազգայինը, պարզապես պետք է այն ճիշտ մատուցել նրանց: Երաժշտության մեջ իր առաջին քայլերի, մասնագիտության ընտրության, «Հայասա ֆոլկ բենդի» ստեղծման և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Գայանե Ավդալյանի հետ:

-Գայանե, տեղյակ եմ որ դեռ մանկուց երաժշտական ասպարեզում զգալի փորձ եք կուտակել, այնուամենայնիվ, ընտրեցիք լրագրողի մասնագիտությունը, ինչո՞վ էր սա պայմանավորված:

- Բավական երկար ժամանակ զբաղվել եմ նաև լրագրությամբ, կարելի է ասել այդտեղ էլ եմ փորձ ունեցել և պատահական չէր մասնագիտությանս ընտրությունը: Առաջին անգամ մայրիկս քասթինգի է տարել ինձ «Հայրենիք» հեռուստաընկերությունում, որտեղից էլ ծնվել է սերս դեպի լրագրությունը: Աշխատել եմ «Հայրենիք» և «Երևան» հեռուստաընկերություններում, վարել եմ «Գիտունիկ» և «Իմ էկրան» հաղորդումները: Երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, որոշեցի երաժշտությունը թողնել հոբբիի կարգավիճակում, որպեսզի այն ինձ ոչինչ չպարտադրի: Կարծում եմ, որ մասնագիտությունը կյանքում որոշ բաներ պարտադրում է, իսկ հոբբիները ավելի ներող են գտնվում:

- Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք. «առանց մասնագիտության կարող եմ ապրել, իսկ առանց երաժշտության պարզապես չեմ կարող», կարելի՞ է ենթադրել, որ տարիներ հետո, եթե անգամ լրագրությամբ չզբաղվեք, ապա անպայման երաժշտության մեջ կլինեք:

- Այո կարելի է ենթադրել: Ասեմ ավելին, հնարավոր է մի օր երաժշտությունը ավելի առաջնային դեր ստանա, քան լրագրությունը, քանի որ այս պահին եկել եմ այն գիտակցմանը, որ երաժշտությունը կամաց-կամաց հետ է մղում լրագրությանը: Երաժշտությամբ զբավելուն ավելի երկար ժամանակ եմ տրամադրում: Տարիներ հետոյի հետ կապված, հավանաբար ամենագեղեցիկ տեսլականը կլինի ունենալ սեփական արտ-դպրոցը, որտեղ հնարավորություն կունենամ երաժշտությամբ կրթել նոր սերունդների: Իսկ թե լրագրությունը այն ժամանակ որքանով հետընթաց կապրի չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ այն երկրորդ պլանում է:

- Այսօր շատ երիտասարդ տաղանդավոր երգիչներ, չդիմանալով հայտնի դառնալու գայթակղությանը, սկսում են զբաղվել նրանով, ինչը ժողովուրդն է սիրում և աստիճանաբար կորցնում են իրենց յուրահատուկ դիմագիծն ու երաժշտական ճաշակը, ինչպե՞ ս է Ձեզ հաջողվում խուսափել, այս խնդրից:

- Անկեղծ ասած, չգիտեմ ինչպես է ստացվել, որ խուսափել եմ այդ խնդրից: Կարծում եմ հայտնի կարելի է դառնել ոչ միայն մատուցելով այն ինչ ուզում է ժողովուրդը: Չնայած սա մի փոքր քննարկելի հարց է, արդյո՞ ք դա է ուզում ժողովուրդը, թե՞  մենք տալիս ենք այն, ինչը մենք ենք ուզում և վերնագրում դա որպես ժողովրդի ցանկություն: Ես երգում եմ այն, ինչ սիրում են մարդիկ, բայց ոչ այն, ինչ տենդենցային է: Փորձում եմ երևան հանել այն բոլոր ազգային դիմագիծ ունեցող երգերը, որոնք սիրելի են եղել ժամանակին և գուցե հիմա էլ ճիշտ մատուցելու դեպքում նոր սերունդը այդ արժեքների պահպանողը կդառնա: Երգում եմ , որովհետև նախ ինքս եմ սիրում այդ երգերը, և հետո ժողովուրդը այդ հնի ու գեղեցիկի կարիքն ունի:

- Ինչպես գիտենք, դուք «Հայասա ֆոլկ բենդի» վոկալիստն եք, կպատմե՞ք մի փոքր Ձեր բենդի մասին:

- «Հայասա ֆոլկ բենդը» ստեղծվել է 2013 թվականին որպես ջազ ֆոլկ բենդ: Թիմում եղել են 16 անդամ, 16 տարբեր գործիքներով: 2015 թվականին Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ շրջագայություններից հետո հասկացանք, որ պետք է մի փոքր նեղացնենք բենդի շրջանակը և թողեցինք մի քանի գործիք: «Հայասա ֆոլկ բենդի» ամբողջ գործիքավորումը ինքս եմ գրում: Բենդը շրջում է Հայաստանի տարբեր մարզերով, փորձում ենք հայկական մաքուր ու սիրուն երաժշտությունը տարածել: Յուրաքանչյուր երգ ներկայացնում ենք նորովի՝ փորձելով պահպանել բնօրինակը:

- «Հայասա ֆոլկ բենդը» ժամանակ առ ժամանակ բարեգործական համերգներ է անցկացնում, ունե՞ք արդյոք հովանավոր:

- «Հայասան» հովանավոր չունի, կարելի է ասել մեզ հովանավորում են այն մարդիկ, ովքեր սիրում են: Բարեգործական համերգներ ինքներս չենք նախաձեռնում, այլ մասնակցում ենք դրանց: Կարևորում ենք այն հանգամանքը, որ երաժշտությամբ կարողանում ենք փոքրիկ ներդրում ունենալ շատ կարևոր հարցերի մեջ, դա կլինի առողջական խնդիրներ բալիկների մոտ, կամ նմանատիպ խնդիրներ զինվորների մոտ, մենք սիրով անպայման մասնակցում ենք, փորձելով մեր ակունքներից եկող երաժշտությւնը նորովի ներկայացնել հանդիսատեսին, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ լսի ու սիրահարվի այդ երաժշտությանը:

- Առաջիկայում ունե՞ք համերգներ:

- Առաջիկայում համերգներ ունենք պլանավորած: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ իմ ֆեյսբուքյան էջում կամ «Հայասա ֆոլկ բենդի» էջում, որտեղ գրառում ենք միջոցառումների մասին: Պլանավորում ենք մարզերում մեկ տուր ունենալ, տեսնենք ինչպես կստացվի, սիրով պատրաստվում ենք յուրաքանչյուր համերգի:

- Իսկ, որպես երգչուհի, մոտ ապագայում ի՞նչ պլաններ ունեք, ե՞րբ կուրախացնեք Ձեր հանդիսատեսին նոր երգով:

- Այս պահին աշխատում եմ նոր երգի վրա՝ «Ձոն հայ զինվորին»: Շատ շուտով պատրաստ կլինի այն: Պլաններում կա նաև տեսահոլովակ նկարահանել, եթե ժամանակի սղությունը թույլ տա: Փակագծերը չեմ ուզի բացել, երբ երգը պատրաստ լինի, սիրով իմ էջում կտեղեկացնեմ այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են:

- Ի՞նչ կմաղթեք երիտասարդ երաժիշտներին, ովքեր առաջին քայլերն են անում այս ասպարեզում:

- Ուղղակի չվախենալ և չընկճվել, որովհետև պետք է գիտակցել, որ այնտեղ, ուր իրենք մուտք են գործում, դռները բաց և սիրառատ չեն սպասում իրենց: Պետք է շատ ուժեղ լինել, և հավատալ սեփական ուժերին, եթե իհարկե այն ինչ անում են իրոք որակյալ է ու ճիշտ:

Սեդա Գևորգյան

share
Արխիվ