Կարեն Կարապետյան․ «Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ»

Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանում և տնտեսության զարգացման դրական միտումները։ Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանի գլխավոր առավելություններից մեկն ուժեղ սփյուռքի առկայությունն է:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը Լիբանանի Առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի, Արդյունաբերողների պալատի, Բեյրութի վաճառականների ընկերակցության, Լիբանանցի գործարարների համաշխարհային ընկերակցության, Առևտրի միջազգային պալատի ներկայացուցիչների հետ էր:

Վարչապետը նշել է, որ քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար:

«Այս երկու օրվա ընթացքում բավական ինտենսիվ հանդիպումներ ենք ունեցել Լիբանանի մեր գործընկերների հետ և արձանագրել ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում: Եվ մենք որոշել ենք ու պայմանավորվել ենք՝ որոշակի առումով այդ հարաբերություններին «ռեստարտ» տալ: Որոշել ենք՝ ինտենսիվացնել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև բիզնես շփումները», - ասել է Կարապետյանը:

Նա նշել է, որ այսօր Հայաստանում շատ հետաքրքիր և ակտիվ բարեփոխումների փուլ է: Բարեփոխումներն իրագործվում են բացարձակապես բոլոր ասպարեզներում՝ կառավարում, մաքսային, հարկային ոլորտ, կրթություն, առողջապահություն, արտահանման խթանում, վարկային ծրագրերի իրականացում՝ սուբսիդավորված վարկերի տրամադրմամբ, դատական, սնանկացման ոլորտ, առողջապահության, գյուղատնտեսության ապահովագրություն և այլն:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թվականի մակրոտնտեսական ցուցանիշներից. - «2017թ. ունեցել ենք հետևյալ մակրոտնտեսական ցուցանիշները. տարին ավարտել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով. սա շատ ավելի բարձր թիվ է, քան մենք պլանավորել էինք: Եվ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջանի որևէ երկրում. ամենաբարձրն է ԱՊՀ երկրների մեջ, ամենաբարձրն է Եվրասիական տնտեսական միությունում, ամենաբարձրն է տարածաշրջանում մեր հարևան երկրների հետ համեմատած: Արդյունաբերության աճը 12.6 տոկոս է, առևտրաշրջանառության աճը՝ 14 տոկոս, ծառայությունների աճը՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճը՝ 24 տոկոս: Ռեկորդային արտահանման ցուցանիշ ենք գրանցել վերջին 25 տարվա ընթացքում. արտահանման աճը կազմել է 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ 27.8 տոկոս, ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 26.9 տոկոս: Հունվար ամսվա թվերը վկայում են այն մասին, որ այդ տենդենցը շարունակական է լինելու և աճի միտում ունի: 2017թ. հունվարի համեմատ 2018թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առումով ունենք 10.2 տոկոս աճ, 13.9 տոկոս արդյունաբերության աճ, 15.2 տոկոս ծառայությունների աճ, 17.3 տոկոս առևտրի ներքին շրջանառության աճ, 19.7 տոկոս շինարարության աճ: Արտահանումն աճել է 45.2 տոկոսով, ներմուծումը՝ 48.9 տոկոսով, արտաքին առևտրի շրջանառությունը՝ 47.6 տոկոսով: Եթե մենք 2018թ. հունվարը համեմատենք 2016թ. հունվարի հետ, ապա արտահանման աճը 197 տոկոս է, ներմուծման աճը՝ 220 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ 211 տոկոս ընդամենը 2 տարվա ընթացքում: Դրան նպաստել են այն բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք շարունակական են լինելու: Վստահ ենք, որ մոտակա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից և, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարների համար առկա հնարավորությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ինչո՞ւ գալ Հայաստան, որովհետև տնտեսական աճը լավ է: Հայաստանում ո՞ր ոլորտներում կարելի է ներդրումներ անել: Մենք շատ ունիկալ երկիր ենք այն առումով, որ մեր հարթակի վրա կարողացել ենք համատեղել շատ դեպքերում թվացող անհամատեղելին: Ի՞նչը նկատի ունեմ՝ 3 մլն բնակչություն, ոչ շատ մեծ երկիր, բայց մենք հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ և ունենք արտոնյալ առևտրային ռեժիմներ մտնելու 180 մլն ընդհանուր բնակչությամբ երկրներ, որոնց չափերը պատկերացնում եք՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան: Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և ունենք GSP+ ռեժիմ: Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է և մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն և ավելի բնակչությամբ շուկա: Մենք ունենք GSP ռեժիմ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, բազմաթիվ երկրների հետ ստորագրել ենք կրկնակի հարկման մասին համաձայնագրեր, և մենք Իրանի հետ սահմանին ձևավորել ենք ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն է տալիս արտոնյալ մուտք գործել 82,5 մլն բնակչությամբ իրանական շուկա: Այսպիսով, Հայաստանում հնարավոր է բիզնես ձևավորել և մուտք գործել շատ մեծ շուկաներ, որոնց բնակչությունը 1 մլրդից ավելի է»:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել գործարարների համար՝ գյուղատնտեսություն, անասնապահություն, ոսկերչություն, թեթև արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, որի նպատակը ոչ թե դաշտի կանոնակարգումն է, քանի որ այն արդեն կանոնակարգված և տարբեր օրենքներով պաշտպանված էր, այլ բոլոր պայմանների մեկտեղումը մի փաստաթղթում, որում Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը: «Մոտ ժամանակներս մենք Ազգային ժողովում կհաստատենք պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքը: Խոշոր ծրագրեր ունենք PPP (public-private partnership) ձևաչափով, որոնք վերաբերելու են ենթակառուցվածքներին, ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը: Մենք ունենք զբոսաշրջության մեծ աճ և, կարծում ենք, որ Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերգնահատված է. անցած տարի ունեցել ենք այցելուների 24 տոկոս աճ և ավելի քան 18 տոկոս աճ՝ ոլորտում: Վստահ ենք, որ այս տարի կունենանք համանման թվեր», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նկատել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին, Doing Business-ի և բիզնես հնարավորությունների բնութագրերի վրա. - «Այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը: Եվ եթե դուք նման որոշում կայացնեք, իմ պատկերացմամբ, շատ տրամաբանական որոշում՝ գալ Հայաստան և բիզնես հիմնել, ի դեմս կառավարության և այն օղակների, ում հետ աշխատելու եք, դուք տեսնելու եք ռեալ գործընկերային հարաբերություններ: Վստահ ենք, որ ունենալու ենք այնպիսի երկիր, որտեղ բիզնես անելը լինելու է շատ դյուրին, շահավետ և տրամաբանական»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նաև «Հայկական անկյուն»-ում Հայաստանից ներկայացված արտադրատեսականուն, աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:

Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան և Զմառռի վանք, հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

share
Արխիվ