Արցախի հիմնախնդրի հետ կապված լինենք և՛ միասնական, և՛ խրոխտ. Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խնդրեց պարզաբանել, թե արդյոք հայկական կողմը բարձրաձայնել է նոր բանակցային մոտեցումների՝ մասնավորապես Արցախի  բանակցային կողմ դիտարկելու նոր ռազմավարության մասին:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք հայկական կողմը բարձրաձայնել է ադրբեջանական զինուժի կուտակումների մասին ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը

Հարցին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար  Զոհրապ Մնացականյան նշեց. «Շատ կարճ կպատասխանեմ Ձեր երկու հարցերին՝ «այո, այո»:  Դա շատ բնական է, քանի որ առաջինը՝ մենք բավական հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ ԼՂՀ-ն զբաղեցնում է իր հստակ տեղը: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերում է մեր հետևողականությանը ԼՂՀ մասով բանակցային գործընթացում: Մենք այս փուլում գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավելու գործընթացում»:

Նախարար Մնացականյանի խոսքով՝  Մինսկի խմբի  համանախագահների այցը ճանաչողական բնույթի է եղել, փոխանակում են տեսակետներն ու դիրքորոշումները: «Բավական հստակ ենք արտահայտել այն հիմնական դրույթները, որ վերաբերում է մեր հավատարմությանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նաև մեծ ուշադրություն է տրվել այն հանգամանքին, որը վերաբերում է խաղաղությանը նպաստող մթնոլորտին: Դրա մեջ մտնում են ադրբեջանական գործողությունները, որոնք վկայում են հակառակի մասին»,- ընդգծեց արտաքին գործերի նախարարը:

Զոհրապ Մնացականյանը նաև հայտնեց, որ ուշադրություն են հրավիրել շփման գծում տեղի ունեցող իրավիճակի վրա՝  հստակ ընդգծելով, որ հայկական կողմը զոհ է ունեցել, ինչը մեծ կորուստ է բոլորի համար, և դա բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա. «Սա չի կարող աննկատ անցնել ու չազդել մեր դիրքորոշումների վրա»:

Արմեն Աշոտյանն առաջարկեց փակ քննարկում անցկացնել բացառապես Արցախի հիմնախնդիրներին վերաբերող թեմայով, որպեսզի կարողանան «Արցախի հիմնախնդրի հետ կապված լինել և՛ միասնական, և՛ խրոխտ, և, ինչպես ասում են՝ դուխով»:

Զոհրա Մնացականյանն նշեց, որ միանշանակ հավատարիմ է մնում համագործակցությանը՝ բարձր գնահատելով այդ ներդրումն այս գործընթացում. «Կշարունակենք երկխոսությունը, որպեսզի խորհրդարանական հարթակը մաքսիմալ օգտագործենք էֆեկտիվ՝ մեր համազգային շահերի համար»:

 

share
Արխիվ