Անձրևները խնդիրներ են առաջացրել գյուղացիների ու բերքի համար

Առատ տեղումները խնդիրներ են առաջացրել այգեգործների համար: Ցեխի պատճառով աշխատանքները հետաձգվում են, հասած ծիրանը մնացել է ծառերին, խոնավության պատճառով Արարատյան դաշտավայրի խաղողին ու այլ մշակաբույսերի սնկային հիվանդություններ են սպառնում: «Հենց էս պահին դաշտից եմ հետ գալիս: Էլի գնացի, այգի մտնել չէր լինում, հետ եկա: Կանաչ կապ պիտի անենք, տերևաթափ պիտի անենք, սաղ գործերը մնացել են: Մեկ անձրև է, մեկ էլ՝ ուժեղ արև, դրանից  այգիներին չոռ է բռնում: Հիվանդությունները սպառնում են պոմիդորին էլ, եմիշին էլ, ձմերուկին էլ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչներից մեկը: Նրա խոսքով՝  ցեխի պատճառով  այգի մտնել չի լինում, իսկ մեկ օրն էլ ծիրանի համար կարևոր է: Հասած ծիրանն էլ մնացել է ծառերին... Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար վերանշանակված Գառնիկ Պետրոսյանը մանրամասնում է, որ անջրդի, բարձրադիր տեղերում անձրևներն այս սեզոնին ցանկալի են ու անհրաժեշտ, բայց եթե տեղումները տևական են, առատ խնդիրներ ու վտանգ են առաջացնում հարթավայրային հատվածներում: «Խոնավության պայմաններում շատ արագ զարգանում են գյուղացիական մշակաբույսերի սնկային հիվանդությունները: Այս պարագայում պետք է շատ ուշադիր լինել, ավելի հաճախակի կատարել բուժումները: Եթե սովորական պայմաններում սնկային հիվանդության դեմ մեկ-երկու բուժումը լիովին բավարար է լինում, ապա  հիմա՝ երբ կա ջերմություն, բարձր խոնավություն, սնկային հիվանդությունների վտանգը մեծանում է, պետք է բուժումների թիվն ավելացնել»,-ասաց ոլորտի մասնագետը: Չեչոտ ծիրանն էլ անձրևի ու խոնավ եղանակի հետևանք է, խոնավության հետևանքով զարգացել են ծակոտկեն բծավորության հիվանդություններ: Պետրոսյանի ունեցած տեղեկություններով, պտղաբույծներ կան, որ հիվանդության դեմ մինչև հինգ բուժում է իրականացրել, ինչի արդյունքում շուկայում եղած ծիրանը որակյալ է: Փոխնախարարը առատ տեղումների բացասական հետևանքներից մեկն էլ համարում է  գյուղատնտեսական աշխատանքների հետաձգումը: «Ենթադրենք պետք է մեքենայական մշակում կատարվի, տեղումների պայմաններում մի քանի օր ուշանում է, իսկ այդ ընթացքում փարթամորեն աճում են մոլախոտերը: Դա էլ լրացուցիչ քաղհանի կամ էլ քիմիկատների լարցուցիչ մշակման անհրաժեշտություն է առաջացնում»,-նշեց նա: Նախալեռնային շրջաններում էլ  կարտոֆիլի ֆիտոֆտորայի զարգացման վտանգ կա: Պետրոսյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս շատ ավելի աչալուրջ լինել, պարբերաբար դիտարկումներ կատարել՝ հայտնաբերելու հիվանդության օջախները, ինչից հետո կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Սնկային հիվանդությունների դեմ պայքարի լաագույն միջոցը կանխարգելումն է, չպետք է թույլ տալ, որ հիվանդությունը զարգանա, հակառակ դեպքում բուժումը շատ բարդ կլինի: «Եթե ջերմությունը կա, խոնավությունը կա, անկախ այն բանից հիվանդության նշաններ կան, թե ոչ, պետք  է անպայման պրոֆիլակտիկ բուժում կատարել: Չպետք է ափսոսել այն բուժման համար ծախսերը, դրանք արդարեցված են միանշանակ, քանի որ գյուղատնտեսը կունենա բարձրորակ բերք ու կկարողանա հեշտությամբ շուկայահանել»,-ասաց գյուղատնտեսության փոխնախարարը: Կառավարության ներկայացուցիչն անհավանական է համարում պետության կողմից գյուղացուն՝ ավելի շատ թունաքիմիկատ ձեռք բերելու հարցում օգնի, բարդ հաշվարկներ են: Բացի այդ, փոխնախարարը համարում է, որ արտառոց ոչինչ չկա, սովորական երևույթ է, կարող է 2-3 տարին մեկ անգամ նման իրավիճակ լինել: ԳՆ անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի խոսքով, բարձր խոնավության պայմաններում հնարավոր է խնդիրների, պարազիտային հիվանդությունների առաջացում նաև անասունների մոտ: «Եղանակային այս պայմաններում ցանկալաի կլինի, որ անասնապահները սերտ համագործակցեն անասնաբույժների հետ, ձեռնարկեն կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև ապահովեն կենդանիների պահվածքի համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները, օրինակ հետևեն հարաբերական խոնավությանը»,-ասաց նա: Նշենք, որ նախորդ տարիներին առատ տեղումների պարագայում ԳՆ-ն գյուղատնտեսներին ուղղված խորհուրդներ էր տեղադրում նախարարության պաշտոնական էջում: Այս տարի նման խորհուրդ չկա:

share
Արխիվ